Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

ԱՎԵՏԱՐԱՆՆԵՐԸ

ԱՎԵՏԱՐԱՆՆԵՐԸ
19.03.2010 | 00:00

ԸՆԴՀԱՆՈՒՐ ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ
Խրա՛տ ձեռք բերենք և ոչ թե արծաթ,
գիտություն, քան թե ընտիր ոսկի:
Իմաստությունը լավ է անգին քարերից,
և թանկարժեք ոչ մի բան չի
հավասարվի նրան:
Տերն ինձ ստեղծեց իր ճանապարհի
սկզբին` իր գործերի համար.
հավիտենությունից էլ առաջ
հաստատեց ինձ:
Իմ ուղիները կյանքի ուղիներ են,
և Տերն է սահմանել իմ կամքը:
Բայց ովքեր մեղանչում են իմ դեմ,
նրանք ամբարշտանում են իրենց
հոգու մեջ,
և ովքեր ատում են ինձ,
նրանք սիրում են մահը
(Առակ. 8,10,11,22,35,36):
Ի գլուխ Աստվածաշնչի երկրորդ, անքակտելի ու կարևորագույն մասի` Նոր Կտակարանի, զետեղված են չորս Ավետարանները: Հին կտակարանում բազմիցս կանխասված և խոստացյալ Փրկչի` Հիսուս Քրիստոսի խաչելությամբ և հարությամբ հաղթանակը մեղքի և մահվան դեմ, ինչպես և հավիտենական կյանքի շնորհումը և Նրանով այս աշխարհում հաստատված Աստծու արքայությունը այն լուրերն են, որոնցից բարի և ուրախալի ոչինչ լինել չի կարող անկյալ մարդկության համար: Այդ պատճառով էլ Քրիստոսի վարդապետությունն ու առաքյալների` Նրա, իբրև այդ արքայության արքայի մասին քարոզությունը կոչվեց Բարի լուր: Այդ Բարի լուրը` Ավետիսը, առաջինն ավետել է հովիվներին Աստծու հրեշտակը. «ահա ձեզ մեծ ուրախություն եմ ավետում» (Ղուկ. Բ 10): Ընդ որում հայերեն Ավետարան բառը հունական բնագրում շուրջ յոթանասուն անգամ հանդիպող Էվանգելիոնի (Էվ` բարի, անգելիոն` ավետում) թարգմանություն է բացառապես Բարի լուր իմաստով: Սակայն Բ դարից սկսյալ դարձավ Նոր կտակարանի առաջին չորս գրքերի ընդհանուր (այստեղից էլ` Քառավետարան) և դրանցից յուրաքանչյուրի առանձին անվանումը, քանզի, ըստ «Նոր բառգիրք հայկազյան լեզվի» ընդունարանն է ավետիսի որպես մատյան Աստծո որդու մարդեղության և տնօրինական գործերի ու Նրա ավետավոր քարոզչության` գրված ձեռամբ չորս ավետարանիչների Սուրբ Հոգով: ՈՒստի և Աստծու այս մեծ փրկագործական երախտիքը, որ պատմվում է Ավետարաններում, եկեղեցում ընթերցվելուց հետո ցայսօր ավարտվում է ծիսական փառատրությամբ («Փառք Քեզ, Տեր Աստված մեր»):
Ավետարանները ոչ միայն Նոր կտակարանի, այլև բովանդակ Աստվածաշունչ Մատյանի կարևորագույն գրքերն են, քանզի նկարագրում են մեր Տեր Հիսուս Քրիստոսի կյանքը, առաքելությունը և քավչարար մահը, և շարադրում Նրա աստվածային խոսքերն ու վարդապետությունը: Պողոս առաքյալը գրում է. «Աստված բազմապիսի ձևերով և այլազան օրինակներով նախապես խոսեց մեր հայրերի հետ մարգարեների միջոցով. այս վերջին օրերին մեզ հետ խոսեց Իր Որդու միջոցով, ՈՒմ ժառանգ նշանակեց ամեն ինչի և ՈՒմ միջոցով ստեղծեց տիեզերքը» [Եբր. Ա 1,2]:
Ավետարանների այս գերակա հարգը Սուրբ Գրքում իր արտահայտությունն է գտել նաև Եկեղեցում` ընդհանրական աստվածապաշտության մեջ` ընթերցվելով գրեթե բոլոր արարողությունների ընթացքում: Սրբազան գրքերից միայն Ավետարանն է դրվում խորանում` Սուրբ Սեղանի վրա: Հոգևորականը ժողովրդին օրհնում է «Սուրբ Խաչիւս և Սուրբ Ավետարանաւս», այսինքն` «Ս. Խաչով և Ս. Ավետարանով»: Իբրև մեծարանքի նշան, քահանան Ավետարանը բռնում է դաստառակով` թաշկինակով: Մաշտոցում բժշկության աղոթքների կողքին զետեղված են նաև «Աւետարանք բժշկութեան»: Քրիստոսի աստվածային խոսքերի ընթերցանությունն ու ունկնդրությունն արդեն իսկ զորավոր միջոց են նկատվում հիվանդի ապաքինության համար:
Ավետարանը միակն է, որ Եկեղեցում մատուցվում է հոգևորականներին և հավատացյալներին` համբուրելու համար և երկրպագելի է: Ըստ Վրթանես Քերթողի` 7-րդ դարի նշանավոր մատենագրի ու աստվածաբանի, այս հարգանքը մատուցվում է ոչ թե գրքի նյութին, այլ Ավետարանի միջոցով և նրանում ներկայացված Փրկչին: Ավետարանները մեր մատենագրության մեջ ամենաշատ ընդօրինակված գրքերն են:
Սուրբ Հոգու թելադրանքով գրված այս չորս Ավետարաններից յուրաքանչյուրն ունի իր առանձնահատուկ տեսակետը` Հիսուս Քրիստոսի անձը, դեպքերը և ուսուցումները ներկայացնելու մեջ: Առաջին երեք գրվածքները ձևի և բովանդակության ընդհանրության պատճառով կոչվում են Համատեսական Ավետարաններ (Synoptic Gospels, բառացի` միևնույն տեսակետն ունեցող Ավետարաններ) և տարբերվում են վերջին` Հովհաննեսի Ավետարանից, որն ինքնատիպ է: Այս Համատեսական Ավետարաններում բացառապես նկարագրվում է Հիսուսի գործունեությունը Գալիլիայում, իսկ չորրորդում` Հուդայում: Բացի այդ, առաջին երեք ավետարանիչները նկարագրում են Քրիստոսի առավելապես մարդկային կողմը (և առանց դժվարության կարող են միավորվել մեկ պատումի մեջ) և հին մեկնիչների կողմից այդ Ավետարանները ստացել են «մարմնական» անունը, իսկ Հովհաննեսը խոսում է Աստծու հավիտենական Բանի` Լոգոսի` Միածին Որդու` մարդկության Լույսի մասին, և իր բարձր աստվածաբանության շնորհիվ կոչվել է «ոգեկան»: Այնուհանդերձ, որքան էլ տարբերվեն մեկը մյուսից, նրանք բոլորն էլ վկայում են Աստծու տնօրինության` փրկագործության ի Քրիստոս լրման մասին: Հին և Նոր կտակարանների միասնությունն առավելապես ի հայտ է գալիս այս գրքերում, ընդ որում իրարից անկախ և տարբեր ժամանակներում գրված այս Ավետարաններում ավետարանիչներն այնքան հաճախ են վկայակոչում մեսիական մարգարեությունները, որ նույնիսկ կիրառում են հատուկ բանաձևեր. «Սակայն այս ամենը եղավ, որպեսզի կատարվի, ինչ-որ Տիրոջ կողմից ասվել էր» (Մատթ. Ա 22), «որպեսզի մարգարեների գրվածքները կատարվեն» (Մարկ. ԺԴ 49) և այլն:
Անշուշտ, չորս Ավետարաններն էլ Փրկչի կյանքն ու առաքելությունն են արտացոլում, այն էլ` ոչ ամբողջական, այդուհանդերձ, դրանք կենսագրականներ չեն, այլ վկայություններ: Ընդ որում ավետարանիչներից յուրաքանչյուրը Հիսուսին պատկերում է իր ուրույն տեսակետով և մեծ ներդաշնակությամբ լրացնում մյուս երեքին: Մարկոսի մոտ Նա Աստծո որդին է, Մատթեոսի` Իր Եկեղեցին ուսուցանող Վարդապետ, Ղուկասի` աշխարհի Փրկիչ, Հովհաննեսի մոտ` Աստծո Պատգամաբեր:
Ընդսմին, Եկեղեցին սկզբից ևեթ Ավետարանները չի դիտարկել իբրև չորս առանձին գրվածքներ, այլ մի միասնական Ավետարան կամ Քառավետարան: Այնուամենայնիվ ինչո՞ւ չորսը, այլ ոչ մեկ միասնականը: Սուրբ Իրինեոսը խորհուրդ է տեսնում թվի մեջ. «Քանի որ այն աշխարհը, որում ապրում ենք, չորս ծագ ունի, և քանի որ Եկեղեցին, որ խարսխված է Ավետարանների վրա, սփռված է աշխարհով մեկ, ապա հարկ էր ունենալ չորս սյուն` ամեն կողմից անեղծության շունչ տարածելով և կենդանացնելով մարդկային ցեղը»:
Ինչ վերաբերում է բոլոր ավետարանիչների անձնանուններից առաջ զետեղված «ըստ» կապին, ապա այն ցույց է տալիս, որ Ավետարանն Աստծունն է, այլ ոչ թե մարդկանցը. մարդիկ միայն շարադրել են Աստծուց շնորհված այս միասնական և անբաժանելի Ավետարանը:
Նշենք, որ Եկեղեցու ավանդության, ի մասնավորի մանրանկարչության, որմնանկարչության և քանդակագործության մեջ ընդունված է չորս ավետարանիչների հետևյալ խորհրդանշական պատկերագրությունը.
Մատթեոսը` մարդ (հրեշտակակերպ),
Մարկոսը` առյուծ,
Ղուկասը` ցուլ,
Հովհաննեսը` արծիվ:
Այս խորհրդաբանությունը հիմնված է Եզեկիելի Ա 10 և Հայտնության Դ 7 համարների վրա. «Եվ առաջին կենդանին նման էր առյուծի, և երկրորդ կենդանին` նման ցլի, և երրորդ կենդանին ուներ մարդու դեմք, իսկ չորրորդ կենդանին նման էր թռչող արծվի»:
Մատթեոսը, ըստ եկեղեցական մեկնության, նույնացվում է մարդու հետ, քանզի նրա Ավետարանը սկսվում է Քրիստոսի մարդեղության պատմությունով, Մարկոսը` առյուծի, որովհետև համարձակ առյուծի պես ազդարարում է, որ Հիսուսն Աստծու որդին է, Ղուկասը նույնացվում է ցլի հետ, քանզի զոհ է խորհրդանշում` Քրիստոսի խաչելությամբ զոհաբերությունը, Հովհաննեսը` արծիվ, քանզի ի տարբերություն առաջին երեք համատեսական Ավետարանների, սկզբից ևեթ խոսում է Քրիստոսի աստվածության մասին:
Ավետարանը ոչ միայն Աստվածաշունչ Մատյանի ամենակարևոր, ամենահեղինակավոր, ամենագործածական և ամենաընթերցվող գիրքն է, այլև հենց նրան է վերագրվում զառամյալ և բարոյապես մահացող հեթանոս աշխարհի կերպարանափոխման երախտիքը, նա՛ է ուղենշել և առավել ներգործուն ազդեցություն ունեցել ողջ քաղաքակրթության վրա` իր անզուգական, անգերազանցելի աստվածային վարդապետությամբ բարեփոխել և բարեփոխում է մարդկային սրտերն ի բարի:
Ավետարանական վարդապետության անաղարտությունն իր վսեմ բարոյականությամբ հանդերձ ոչ միայն քրիստոնյաների, այլև այլակրոնների և ուղղափառ քրիստոնեությունից հեռու մարդկանց, գիտնականների, հանճարեղ մտածողների զարմանքի և հիացման, ներշնչանքի և մխիթարության անսպառ աղբյուրն է համարվել դարեդար: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում այդ կարծիքներից: «Ես հավատում եմ Աստծուն իբրև Անձնավորության,- ասում է ֆիզիկոս, հարաբերականության տեսության հիմնադիր Ալբերտ Էյնշտեյնը,- և անկեղծ կարող եմ խոստովանել, որ երբեք, ոչ իսկ մեկ րոպե իմ կյանքում աթեիստ չեմ եղել»: Մի անգամ լրագրողը Էյնշտեյնին հարց է տալիս, թե ընդունո՞ւմ է արդյոք Հիսուս Քրիստոսի պատմական գոյությունը: Գիտնականը պատասխանում է. «Անշուշտ, անհնար է կարդալ Ավետարանը` առանց զգալու Հիսուսի իրական ներկայությունը: Նրա Անձը բաբախում է յուրաքանչյուր բառի մեջ»:
Ահա թե ինչպես է մեծ գիտնականը դավանում իր հավատը. «Ճիշտ է ես հրեա եմ, սակայն Հիսուս Նազովրեցու ճաճանչափայլ փորձն ինձ վրա ցնցող տպավորություն է թողել: Ոչ ոք այնպես չի արտահայտվել, ինչպես Նա: Իսկապես, երկրի վրա միայն մի տեղ կա, ուր ստվերի չենք հանդիպում, և այդ Անձը Հիսուս Քրիստոսն է: Նրանում Աստված բացահայտել է Իրեն մեզ համար ամենահստակ և ամենահասկանալի կերպով: Նրան ես պատվում եմ»:
«Ճշմարտությունն ավելի հստակ ու ջինջ է դառնում դժբախտության մեջ: Իմ մասին ասեմ ձեզ, որ ես դարի զավակ եմ` անհավատության ու կասկածների զավակը` ցայժմ և անգամ (ես դա գիտեմ) ցմահ: Ինչ սարսափելի տվայտանքներ արժեր և հիմա էլ արժե հավատալու այդ ծարավը, որը հոգուս մեջ ավելի է զորանում իմ միջի հակոտնյա փաստարկների ահագնացման համեմատ: Բայց և այնպես Աստված ինձ պարգևում է րոպեներ, հընթացս որոնց ես լիովին հանգիստ եմ. այդ րոպեներին ես սիրում եմ և կարծում, որ սիրվում եմ, որ սիրվում եմ այլոց կողմից, և հենց այդ րոպեներին է, որ ես ստեղծել եմ իմ հավատո հանգանակը, որի մեջ ամեն ինչ պարզ է ու սուրբ: Այդ հանգանակը շատ հասարակ է, ահա այն. հավատալ, որ Քրիստոսից առավել գեղեցիկ, խորախորհուրդ, համակրելի, ողջամիտ, արի և կատարյալ ոչինչ չկա, և ոչ միայն չկա, այլև նախանձախնդիր սիրով ասում եմ ինձ, որ չի էլ կարող լինել: Ավելին, եթե մեկն ապացուցի ինձ, որ Քրիստոսը ճշմարտությունից դուրս է, և եթե իրականում ճշմարտությունը Քրիստոսից է դուրս, ապա ես ավելի շուտ կկամենայի մնալ Քրիստոսի հետ, քան ճշմարտության»:
Ֆ. Դոստոևսկի
«Ալեքսանդր Մակեդոնացին, Օգոստոս կայսրը, Կառլ Մեծը և ես ինքս աշխարհակալ կայսրություններ ենք հիմնել: Իսկ ի՞նչ հիմամբ ստեղծվեցին մեր հանճարների արգասիքները: Բռնության: Միայն Հիսուս Քրիստոսն է Իր կայսրությունը սիրո հիմքի վրա ստեղծել… Եվ համոզված եղեք, որ նրանք բոլորն էլ իրական մարդիկ են, բայց նրանցից և ոչ մեկը նման չէ Նրան. Հիսուս Քրիստոսն ավելի է, քան մարդը… 1800 տարվա հեռավորությունից Հիսուս Քրիստոսը ներկայացնում է դժվար կատարելի պահանջ` գերիվեր մյուս բոլոր պահանջներից: Նա հայցում է մարդկային սիրտը»:
Նապոլեոն Բ.
«Նոր Կտակարաննայն մեծագույն գիրքն է, որը եղել է և կմնա հռչակավոր արար աշխարհում»:
Չ. Դիքենս
ԵՐԿՈՒ ԽՈՍՔ
Նոր կտակարանը, ինչպես և Հինը (ուխտ, պատվիրան, օրենք, արդարություն, մեղք, իմաստություն, առակ, մարգարեություն և այլն), ունի իր կարևորագույն հասկացությունների շարքը` Աստծո արքայություն, շնորհ, եկեղեցի, հավատ, ճշմարտություն, մեռելների հարություն և այլն, որոնք բոլորն էլ ձեր ուշադրությանը կներկայացնենք` մատուցվելիք նյութը դյուրությամբ ընկալելու համար:
ԱՍՏԾՈ ԱՐՔԱՅՈՒԹՅՈՒՆԸ
«Ահա մի սերմնացան ելավ սերմանելու. և երբ նա սերմանում էր, մի մաս սերմ ընկավ ճանապարհի եզերքին, և երկնքի թռչունը եկավ և այն կերավ: Եվ ուրիշ մի մաս ընկավ ապառաժի վրա, ուր շատ հող չկար. և իսկույն բուսավ, քանի որ հողը խորություն չուներ, երբ արևը ծագեց, խանձվեց, և քանի որ արմատներ չկային, չորացավ: Եվ ուրիշ մի մաս ընկավ փշերի մեջ, ու փշերը բարձրացան և այն խեղդեցին: Եվ մեկ ուրիշ մաս ընկավ պարարտ հողի վրա և պտուղ տվեց. կար որ մեկին` հարյուր, և կար որ մեկին` վաթսուն, և կար որ մեկին` երեսուն: Ով լսելու ականջ ունի, թող լսի» (Մատթ. 13.4-9):
Ավետարանները և առհասարակ Նոր կտակարանը չեն տալիս այս հասկացության ստույգ սահմանումը: Ավելին, Փրկչի Արքայության ուսուցումները պատված են խորհրդավորությամբ: Եվ սա շփոթեցնում է Նրա աշակերտներին և նրանց այն հարցին, թե ինչո՞ւ է առակներով խոսում, պատասխանեց և ասաց նրանց. «Քանի որ ձե՛զ է տրված իմանալու Երկնքի արքայության խորհուրդները, իսկ նրանց տրված չէ. որովհետև ով ունի, նրան պիտի տրվի և պիտի ավելացվի, իսկ ով չունի, նրանից պիտի վերցվի ունեցածն էլ: Նրանց հետ առակներով եմ խոսում նրա համար, որ նայում են և չեն տեսնում, լսում են և չեն իմանում ու չեն հասկանում: Եվ նրանց վրա կատարվում է Եսայու մարգարեությունը, որ ասում է` պիտի լսեք, պիտի լսեք ու պիտի չիմանաք, պիտի նայեք ու պիտի չտեսնեք, որովհետև այս ժողովրդի սիրտը կարծրացավ, և իրենց ականջներով ծանր են լսում, և փակեցին իրենց աչքերը, որպեսզի երբեք աչքերով չտեսնեն ու ականջներով չլսեն և սրտով չիմանան ու դարձի չգան, ու Ես նրանց չբժշկեմ» (Մատթ. 13.11-15):
Մյուս կողմից, սակայն, Արքայության խորհուրդն ընկալելն այնքան կարևոր է, որ Տերը Իր առակի մեկնության մեջ ասում է. «Եվ արդ, լսեցե՛ք դուք սերմնացանի առակը. ամեն մեկից, ով լսում է արքայության խոսքը և չի հասկանում, չարը գալիս է և հափշտակում նրա սրտում սերմանվածը. դա այն է, որ ճանապարհի եզերքին սերմանվեց» (13,18,19):
(շարունակելի)
Գրիգոր ԴԱՐԲԻՆՅԱՆ

Դիտվել է՝ 2744

Մեկնաբանություններ